ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հանդիսատեսը սպասում է «Ոսկե ծիրանին», գիտի, որ հուլիսի 2-րդ շաբաթը «Ոսկե ծիրանի» շաբաթն է»

«Հանդիսատեսը սպասում է «Ոսկե ծիրանին», գիտի, որ հուլիսի 2-րդ շաբաթը  «Ոսկե ծիրանի» շաբաթն է»
22.06.2012 | 12:46

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«ԿԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՉ-ՈՐ ՀԱՏՎԱԾ` 90-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴԸ, ՈՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԻՆՈ ՉԷՐ ԴԻՏԵԼ ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ»


-Սուսաննա, այն, որ տարեցտարի ընդլայնվում են կինոփառատոնի շրջանակները, որ այն իր շուրջն է հավաքում հայ և համաշխարհային կինոարվեստի ավելի ու ավելի մեծ անունների ու հեղինակությունների, անվիճելի է: Սակայն ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը փառատոնի ձևավորած հանդիսատեսի մասին: Դուք նկատո՞ւմ եք որակական փոփոխություն տարիներ առաջվա և այսօրվա հանդիսատեսի միջև, որ ներկա է լինում փառատոնի կինոդիտումներին:
-Իհարկե, փոփոխություններն ակնհայտ են: Առաջին երկու փառատոների ժամանակ մենք համարյա դատարկ դահլիճներում էինք անում ցուցադրությունները: 15 տարիների ընթացքում` 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբում, մենք կորցրինք հայ կինոհանդիսատեսին, կինոթատրոն հաճախելու, կինոդահլիճում հանգիստն անցկացնելու, առհասարակ վիզուալ արվեստին առնչվելու մշակույթը: Ավելին` կար հասարակության ինչ-որ հատված` 90-ականների սերունդը, որն ընդհանրապես կինո չէր դիտել մեծ էկրանով: Շատ բարդություններ էին կուտակվել այդ ժամանակահատվածում, և երբ մենք սկսեցինք փառատոնը, առնչվեցինք դրանց: Փառատոնի առաքելություններից մեկն էլ հենց այդ մշակույթը վերականգնելն էր, հանդիսատեսին կինոթատրոն վերադարձնելը, կինոյի հետ նրա կապը վերստեղծելը: 1980-ականներին Հայաստանը, նախկին Սովետական Միության հանրապետությունների մասշտաբով, ուներ ամենազարգացած դիստրիբուցիոն համակարգը, այսինքն` կինոպրոկատը: Շատ մեծ տոկոս էր կազմում մեզանում կինոտոմսերի վաճառքը, ինչը զգալի եկամուտ էր ապահովում: Այսինքն` նույնիսկ շուկայական առումով մենք պոտենցիալ ունեցող երկիր էինք: ՈՒ այդ ցուցանիշը պետք էր վերականգնել: Բայց և պետք էր դիմակայել նորահայտ այնպիսի երևույթներին, ինչպիսիք էին տեսամագնիտոֆոնները, որ լայնորեն տարածվում էին մեր ընտանիքներում, խտասալիկների առկայությունը, տեսահենության միջոցով մարդկանց հասնող ֆիլմերը: Շա՜տ-շատ զարգացումներ եղան 1990-ականներին, որոնց հետ պետք էր հաշվի նստել մեր աշխատանքներում: Դիստրիբուցիոն համակարգը մեզանում համարյա թե չէր գործում և չի գործում մինչև հիմա: Մեր հանրապետությունում մինչև անկախության շրջանը մոտ 60 կինոթատրոն է գործել, որոնցից այսօր ընդամենը երկու-երեքն են աշխատում: Սա անհեթեթ վիճակ է ստեղծում: Եվ մենք, ի մի բերելով այս ամենը, հստակեցրինք մեր անելիքները: Մի կողմից` մեր նպատակը հանդիսատեսին կինո վերադարձնելն էր, մյուս կողմից` չէինք ուզում տեղի տալ ցածր ճաշակի առաջ և ասպարեզ հանել կոմերցիոն ֆիլմեր, որոնք առանց մեզ էլ հարթում էին իրենց ճանապարհը դեպի հանդիսատես: «Ոսկե ծիրանն» իր վրա այլընտրանքային դիստրիբուցիայի գործառույթը վերցրեց: Մենք ցուցադրում ենք այնպիսի ֆիլմեր, որոնք դիտելու այլ հնարավորություն հայ հանդիսատեսը պարզապես չունի: Դրանք եվրոպական և ոչ եվրոպական լավագույն ֆիլմերն են, մեծ փառատոներում (Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ) մրցանակներ շահած ֆիլմերը: Բացի «Ոսկե ծիրանից», ուրիշ որևէ խողովակ չկա, որով այդ ֆիլմերը հասնեն հայ հանդիսատեսին: Դա նաև միջոց էր մեր հանդիսատեսին տեղեկացնելու, որ միայն «Ոսկե ծիրանի» մեկշաբաթյա աշխատանքների ընթացքում կա հնարավորություն` տեսնելու այդ որակի ֆիլմեր, որ այդ հնարավորությունը մենք ստեղծել ենք իր համար: Երբ առաջին տարիներին կար հանդիսատեսի խնդիր, մենք վերլուծեցինք բոլոր հանգամանքները, անդրադարձանք հանդիսատեսի հետ աշխատանքի մեխանիզմների մշակմանը, լավագույն պայմանների ստեղծմանը: Օրինակ` կարևորագույն լուծում էր տոմսերի գնի նվազեցումը, որը հնարավոր եղավ մեր հովանավորի շնորհիվ:

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ ԼԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՈՒ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ»


-Իհարկե, նկատի ունեք «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
-Այո՛: 1000-1500 դրամ արժեցող տոմսը միջազգային չափանիշներով շատ էժան է համարվում: Միջազգային փառատոների տոմսերը միշտ մի քանի անգամ ավելի թանկ են լինում, քան սովորական կինոցուցադրություններինը: Մեզ մոտ հակառակ երևույթն է, որովհետև մեր աշխատավարձի պայմաններում անհնար է ընտանիքի մի քանի անդամների կամ հենց թեկուզ մեկ հոգու համար մի քանի տոմս գնելը և փառատոնի ցուցադրություններին ներկա գտնվելը: Դա մեծ ճեղքվածք կառաջացներ շատ ընտանիքների բյուջեում: Այս նկատառումով էլ մեր հովանավորն արդեն մի քանի տարի շարունակ իր վրա է վերցնում տոմսի արժեքի փոխհատուցման խնդիրը, և տոմսերը մեր քաղաքացիներին վաճառվում են նվազագույն գնով: Սկզբում դրանք 300, վերջին տարիներին` 500 դրամով են վաճառվում: Այս հանգամանքը միանգամից մեծ հոսք ապահովեց դեպի կինոթատրոն, և փառատոնային կինոդիտումներն սկսեցին կայանալ լեցուն դահլիճներում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործառույթների մեջ կարևորվում է մշակույթը լայն հասարակությանը հասու դարձնելու խնդիրը: Այսպես, տարբեր ակցիաների, մեր գործունեության մշակած քաղաքականության շնորհիվ հասանք այն բանին, որ այժմ ունենք մեր հանդիսատեսը: Եվ այդ հանդիսատեսը սպասում է «Ոսկե ծիրանին», գիտի, որ հուլիսի 2-րդ շաբաթը «Ոսկե ծիրանի» շաբաթն է: Եվ մենք պարտավորություն ենք ստանձնել այդ հանդիսատեսի առջև` բերելու ու ցուցադրելու լավագույն ֆիլմերը:
-Ո՞ր դահլիճներում կցուցադրվեն այս տարի փառատոնային ֆիլմերը:
-Չեմ կարող ուրախացնել և հայտնել, թե նոր կինոթատրոններ կամ փառատոնային կինոկենտրոն է բացվել: Ցուցադրությունները կլինեն «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում և օժանդակ դահլիճներում, որոնք կինոդահլիճներ չեն, բայց ծառայում են փառատոնի կայացմանը, ինչպես, օրինակ, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը:
-Երևանում 1000-տեղանոց կինոդահլիճ ունենալու երազանքը կդառնա՞ իրականություն «Ոսկե ծիրանի» 10-ամյակի տարում:
-Կարծում եմ, որ 10-ամյակի տարում այդ հարցը դեռ կմնա երազանքի ձևաչափում: Առայժմ ռեալ գործնական քայլ կատարված չէ այս ուղղությամբ: Տա Աստված, որ գոնե առաջին քայլերը կատարվեն, հույսի ինչ-որ նշույլներ ի հայտ գան այդ ժամանակահատվածում:


«ԻՐԱՐ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ»


-«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագիրն այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում։ Ի՞նչ հեռանկարներ է սա բացում «Ոսկե ծիրանի» և, առհասարակ, մեր քաղաքի, հանրապետության համար:
-Միջազգային փառատոնային քարտեզի և միջփառատոնային հարաբերությունների մեջ գոյություն ունեն ձևաչափեր, որոնք արդեն իսկ վկայում են այս կամ այն փառատոնի արժեքի, կայացման աստիճանի մասին: Այս առումով շատ կարևոր էր «Ոսկե ծիրանի» ընդունելությունը Կաննում` Հայկական տաղավարի շրջանակներում և տարածքում: Բավական հաջող շնորհանդես էր, ունեցանք բազմաթիվ հյուրեր` բաղկացած պարտնյոր փառատոներից, մեզ հետ համագործակցողներից: Մենք համագործակցում ենք եվրոպական տարբեր կառույցների հետ, ֆիլմեր ենք վերցնում նրանցից, բանակցում ֆիլմերի, հյուրերի, այլ հարցերում: Շատ կարևոր է քո խոսքը տեղ հասցնելու, քո մասին բարձրաձայնելու հնարավորությունն ունենալը Կաննի փառատոնի շրջանակներում, Կաննի կինոշուկայում: Սա «Ոսկե ծիրան» փառատոնի բարձր վարկանիշի, ճանաչվածության լավագույն վկայությունն է:
-Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը (ՀԹԿՊ), որի հերթական համաժողովին վերջերս մասնակցեցիք Դուք և Հարություն Խաչատրյանը, ըստ վերջինիս դիտարկման` ծառայում է իբրև քաղաքական կարևոր ձեռքբերումներին նպաստող հարթակ: Դուք նո՞ւյնպես այդ կարծիքին եք:
-Իհարկե, ցանկացած մշակութային կապ, հարաբերություն ստեղծելը և զարգացնելը, ի վերջո բերելու են քաղաքական մթնոլորտի փոփոխության, անուղղակի ազդեցություն են ունենալու այս առումով: Պարզապես փաստերը շարադրելով` կարելի է տեսնել այդ միտումը: Եթե ՀԹԿՊ-ի առաջին հանդիպումներին մասնակցում էր 10-20 հոգի, ապա այժմ այդ ցանցի մեջ ներառվել է մոտ 200 հոգի: Եվ բոլոր այդ մարդիկ յուրաքանչյուր շփման հետ հաղթահարում են ոչ միայն մշակութային, այլև պատմական բարդույթները: Իրար հետ խոսելու, երկխոսություն ծավալելու հնարավորությունները մեծացել են: Հիմա մենք ունենք արվեստագետների այն շրջանակը, որը կարող է և՛ համատեղ ֆիլմ նկարել, և՛ հանգիստ զրուցել միմյանց հետ: ՈՒ դրանք այն մարդիկ են, որ ազդեցություն ունեն ընդհանուր մշակութային մթնոլորտի, հասարակական դաշտի, ինչու չէ, նաև քաղաքական դաշտի վրա: Որքան մեծանա այդ շրջանակը, որքան շատ լինեն նմանատիպ նախաձեռնությունները, այնքան ավելի բարվոք մթնոլորտ կձևավորվի վաղը քաղաքականությունը մեզ համար նպաստավոր դարձնելու համար:
-Ի՞նչ ակնկալիք ունեն «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները «Կինոլրագրություն առանց սահմանների» դասընթացից:
-Սա նոր ծրագիր չէ: Դրա ապացույցը մեր փառատոնի երկլեզու օրաթերթն է, որ հրատարակում ենք փառատոնի օրերին հոլանդացի կինոքննադատների հետ: Այս տարի մենք ընդլայնեցինք ծրագիրը, և դրանում կներառվեն ոչ միայն հայ, այլև Արևելյան համագործակցության երկրների լրագրողներ Մոլդովայից, Վրաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից: Նրանք այս տարի իրենց լուման կներդնեն մեր օրաթերթի հրատարակման գործում, ինչպես և «Ոսկե ծիրանը» կպրոպագանդեն իրենց թերթերում, վեբկայքերում, այլևայլ հարթությունների վրա: Սա միջոց է փառատոնի համբավը հասցնելու ուրիշ երկրներ և, պրոֆեսիոնալ բարձրագույն դասընթացներին ապահովելով օտարազգի լրագրողների մասնակցությունը, նպաստելու նրանց մասնագիտական առաջընթացին: Իհարկե, սա նպաստելու է նաև հայ կինոլրագրության զարգացմանը, որովհետև կինոլրագրությունը կինոյի` որպես կառույցի, որպես ամբողջական օրգանիզմի, մի մասն է: Եթե այդ մասը տկար է, չի աշխատում, ապա ամբողջ օրգանիզմը դրանից տուժում է:

«ԵՐԵՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՆՈՒՆ ԱՍԵՄ, ՈՐՈՆՔ ԿԱՐԺԱՆԱՆԱՆ ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐԻ»


-Ովքե՞ր են այս տարի արժանանալու Փարաջանովյան թալերի:
-Երեք կարևորագույն անուն ասեմ, որոնք կարժանանան Փարաջանովյան թալերի: Վիկտոր Էրիսե, պրոֆեսիոնալների շրջանում շատ հարգված մի ռեժիսոր, որ կլինի այս տարվա մեր ժյուրիի նախագահը: Հայտնի ռեժիսոր Ագնեշկա Հոլանդ, որը Լեհաստանից է, բայց երկար տարիներ աշխատել է Չեխիայում, համագործակցել է Կիշլյովսկու, Վայդայի, Զանուսիի հետ: 1968-ի չեխական հայտնի իրադարձություններից հետո նա էմիգրացիայի մեջ էր և բավական աշխատանքներ կատարեց ու հաջողությունների հասավ Հոլիվուդում, մի բան, ինչը ևս վկայում է նրա եզակիության մասին: Այժմ էլ ֆիլմ է նկարում չեխական այդ իրադարձությունների մասին: Փառատոնի օրերին կներկայացնենք նրա վերջին` «Խավարում» ֆիլմը: Փարաջանովյան թալերի կարժանանա նաև Էլդար Շենգելայան:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ